Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Իմ աստղն ինձ չի լքի

Իմ աստղն ինձ չի լքի
21.03.2026 | 11:40

Երբեմն փողոցում ինձ հանդիպում են անծանոթ մարդիկ և, նկատի ունենալով ընդվզումս ներկա իշխանությունների դեմ, ինձ համարում են հայրենասեր՝ դիմելով որպես հայրենասերի։

Ես ամաչում եմ։

Ո՛չ։

Ես ամենևին էլ իրենց ակնկալած անձը չեմ։

Հայրենասերը Հայկ Նահապետն էր, Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները, Ռուբինյանները, Աբովյանը, Նալբանդյանը, Րաֆֆին, Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն և նման կարգի այլ մարդիկ, ովքեր մինչև ուղնուծուծը պատրաստ էին իրենց սիրտն ու հոգին տալ հանուն Հայրենիքի գոյության։

Ես մեծ զոհողությունների պատրաստ չեմ։ Ես ընդամենը սրտացավ մարդ եմ, ով ցավում է իր մեծ ծնողի՝ Հայրենիքի համար։

Գիտակցու՞մ է արդյոք շարքային հայը, որ բացի իր մերձավոր ծնողից կա նաև մեկ այլ Ծնող՝ Հայրենիքը։ Տարբերությունն այն է, որ քո ծնողը մահկանացու է, իսկ մեծ ծնողդ՝ անմահական։

Իմ արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճիչ, աղաղակ՝ հանուն մեծ ծնողի անմահության։

Ցանկացած մարդ մարմնական վնասվածքի դեպքում ցավ է զգում, և որքան սուր է այդ ցավը, նույնքան բարձր է նրա ճիչը և ցավագին աղաղակը։ Ես զգում եմ մեր մեծ ծնողին սպառնացող վտանգները և ակամայից անհանգստություն եմ զգում՝ եթե ոչ մարմնումս, ապա հոգուս մեջ, և մղկտում եմ, երբեմն էլ՝ ծառս լինում ծնողիս ապագայի հանդեպ ահով ու տագնապով։ Իմ զգացումը խիստ անձնական է, դեռ ավելին՝ ներանձնական, քանզի տագնապս մաշկիս տակ է, արյանս մեջ։

Ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ ՄԵԾ ԾՆՈՂԻՍ սպառնացող վտանգը սրտիս մեջ։ Պիտի անել ամեն ինչ, որպեսզի բացառվի ժանտախտի աղբյուրը։ Չկա մեկ այլ կեղեքիչ աղբյուր, քան եղած ապազգային իշխանություններն են։

Ես բախտավոր մարդ եմ։ Ինչի հասել եմ՝ պարտական եմ ճակատագրիս։

Չեմ կարծում, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո Աստված ինձ մենակ կթողնի տագնապներիս հետ։

Իմ ծնունդը սխալ կլինի, եթե իմ աստղը մարի իմ իսկ աչքի առջև։

Ապրենք հույսով, բախտով և հավատով։

20․03․2026

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ